Գնում ենք հյուսիս՝
թողած շապիկները բառերի,
որ մանկան մաշկի պես են բուրում,
թողած ողորմությունը հեգնանքի,
որով պատսպարվել ենք թվացյալ հնձաններում՝
մենությունը գրկած:
Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա...
Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...